«Արսենալի», «Չելսիի» և «Միլանի» նախկին հարձակվող Օլիվիե Ժիրուն, որը 2024 թվականին տեղափոխվեց «Լոս Անջելես», պատմել է, թե ինչ դժվարությունների և հաճելի կողմերի է բախվել քաղաքում:
«Անցյալ ամառ, երբ տեղափոխվեցի Լոս Անջելես, հինգ օրում երեք անգամ հոսանքազրկում եղավ՝ 10, 12 և 15 ժամ տևողությամբ: Բացի այդ, ուժեղ երկրաշարժ էր տեղի ունեցել, ու ամենուր հրդեհներ էին: Դա իսկապես տխուր իրավիճակ էր, մարդիկ կորցրել էին ամեն ինչ:
Անձնական մի քանի դժվարություններ նույնպես եմ ունեցել, բայց հուսով եմ, որ առաջիկայում ավելի լավ օրեր կգան: Չնայած ամեն ինչին, կյանքը Լոս Անջելեսում ինձ դուր է գալիս: Քաղաքն ինձ հիշեցնում է Լոնդոնը, որտեղ ինը տարի եմ ապրել: Այստեղ կարելի է լավ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, և ամեն օր արևոտ է, ինչը քեզ ստիպում է կարծել, թե արձակուրդում ես:
Ինձ դուր է գալիս նաև ուսումնասիրել ԱՄՆ-ը: Արդեն այցելել ենք Լաս Վեգաս, Սան Դիեգո, և դեռ կցանկանայի լինել Գավայիում և Սան Ֆրանցիսկոյում»:
Ժիրուն ընդգծեց, որ տեղափոխվել է ՄԼՍ՝ իր փորձը թիմին փոխանցելու և հաղթանակների հասնելու համար: