«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը դեմ է արտահայտվել ակումբի՝ աջ պաշտպանի դիրքում նոր խաղացող ձեռք բերելուն։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 17-ամյա խաղացողը ակումբի ղեկավարությանը հասկացրել է, որ չի ցանկանում, որ «կապտանռնագույնները» փոխարինող փնտրեն Ժյուլ Կունդեին, որը ներկայումս թիմի գլխավոր աջ պաշտպանն է: Նշվում է, որ Յամալին շատ է դուր գալիս Կունդեի հետ նույն եզրում խաղալը, և նրա հետ Լամինը կարողանում է ազատ համագործակցել։
Նշվում է, որ ակումբում լսել են երիտասարդ խաղացողին, բայց աջ պաշտպանի դիրքում նոր խաղացողի հետ պայմանագիր կնքելը մնում է առաջնահերթություն: Միևնույն ժամանակ ղեկավարությունը Կունդեին մեկնարկային կազմից հեռացնելու նպատակ չունի, այլ ցանկանում է գտնել այնպիսի խաղացողի, որը կարող է փոխարինել Ժյուլին նրա վնասվածք ստանալու, կամ հոգնածության դեպքում։
Ընթացիկ մրցաշրջանում Կունդեն «Բարսելոնայի» կազմում անցկացրած 36 խաղում դարձել է 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: