«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Լուկաս Պակետան, ով կասկածվում է բուքմեյքերական խաղադրույքների կանոնները խախտելու մեջ, գիտակցաբար դեղին քարտ է ստացել որպես «նվեր»` իր եղբոր ծննդյան օրվա կապակցությամբ, հաղորդում է O Globo-ն՝ հղում անելով Բրազիլիայի սենատի հանձնաժողովի զեկույցին, որը հետաքննում է խաղադրույքների և ազարտային խաղերի մանիպուլյացիաները (CPI):
Անցած տարվա մայիսին Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան (FA) Պակետային մեղադրանք էր ներկայացրել խաղադրույքների հետ կապված կանոնների խախտման համար։ FA-ի կարծիքով՝ բրազիլացին դիտավորյալ դեղին քարտեր է ստացել չորս հանդիպումներում։
Հանձնաժողովը պարզել է, որ Պակետան հայտնել է իր եղբորը՝ Մատեուս Պակետային, որ «նվեր» կանի ծննդյան օրվա կապակցությամբ՝ 2023 թվականի մարտի 12-ի խաղում դեղին քարտ ստանալով, որպեսզի եղբայրը, հնարավոր է, կարողանա խաղադրույք կատարել այդ հանդիպման վրա և շահույթ ստանալ։ Այդ օրը «Վեսթ Հեմը» 1:1 հաշվով ոչ-ոքի էր խաղացել «Ասթոն Վիլայի» հետ, իսկ Պակետան ստացել էր դեղին քարտ։ Խաղը կայացել էր Մատեուս Պակետայի ծննդյան օրը։
Եթե 27-ամյա բրազիլացին ճանաչվի մեղավոր, նրան կարող է սպառնալ ֆուտբոլից ցմահ որակազրկում։
Այս մրցաշրջանում Պակետան մասնակցել է 25 հանդիպման և խփել է հինգ գոլ։