Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Անխել Դի Մարիան պատասխանել է Կրիշտիանու Ռոնալդուի վերջին մեկնաբանություններին։ Պորտուգալացին իրեն անվանել է պատմության ամենաամբողջական ֆուտբոլիստը՝ վեր դասելով Լիոնել Մեսիից և Դիեգո Մարադոնայից։
«Ես չզարմացա, քանի որ ես նրա հետ չորս տարի եմ անցկացրել։ Նա միշտ նման հայտարարություններ էր անում ու փորձում լավագույնը լինել։ Նա ուղղակի սխալ ժամանակ է ծնվել, քանի որ ծնվել է նաև մեկ ուրիշը, ում դիպչել է կախարդական փայտիկը։ Իրականությունը թվերով. մեկ ունի ութ Ոսկե գնդակ, իսկ մյուսը՝ հինգ: Աշխարհի չեմպիոն լինելը ևս մեկ էական տարբերություն է։ Եվ նման տարբերությունները շատ են։ Ինձ համար Լեոն լավագույնն է աշխարհում և լավագույնն է պատմության մեջ»,- ասել է Դի Մարիան Infobae-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Անխել դի Մարիան և Կրիշտիանու Ռոնալդուն միասին խաղացել են Մադրիդի «Ռեալում» 2010-2014 թվականներին։