«Փյունիկի» բրազիլացի կիսապաշտպան Վագներ Գոնսալվեշն ապաքինվել է ծանր վնասվածքից և տևական ժամանակ անց կրկին վերադարձել է խաղադաշտ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Վագներ Գոնսալվեշը «Փյունիկի» կազմում վերջին անգամ խաղադաշտ էր դուրս եկել 2024 թ. մայիսի 25-ին, Գյումրիի «Շիրակի» դեմ չեմպիոնական խաղում։
Վագներն արդեն «Փյունիկի» կազմում մասնակցել է «Ուրալի» և «Էլիտ Ֆալկոնսի» հետ հանդիպումներին:
«Վերադարձը միշտ էլ յուրահատուկ է. այնքան մեծ ուրախություն ես ապրում, որ նույնիսկ դժվար է այն նկարագրել բառերով։ Պարզապես ուզում ես լինել բոլորի հետ և կրկին վայելել այդ պահը։ Խոստովանում եմ, որ շատ եմ կարոտել բոլորին՝ մարզումները, խաղացողներին, մարզչական շտաբը, երկրպագուներին, իրականում՝ ամեն ինչ… Նոր մրցաշրջանում կանեմ ամեն ինչ թիմին օգնելու համար՝ տալով առավելագույնը։ Հույս ունեմ, որ կկարողանամ արդյունավետ լինել»,- մեջբերում է ֆուտբոլիստին ակումբի պաշտոնական կայքը։
Վագները պրոֆեսիոնալ կարիերայի առաջին քայլերը կատարել է ֆրանսիական «Բաստիայի» 2-րդ թիմում, որտեղից էլ տեղափոխվել է բելգիական «Սերկլ Բրյուգե»: Նա նաև հանդես է եկել հյուսիսմակեդոնական «Շկենդիյաում», ուկրանիական «Կրիվբաս Կրիվիում» ու «Դնիպրոյում», վրացական մի շարք ակումբներում: 2017/18 մրցաշրջանում նա դարձել է Վրաստանի չեմպիոն` «Սաբուրթալոյի» կազմում: Վրացական թիմերից նա հանդես է եկել նաև Բաթումիի «Դինամոյում» ու «Դիլայում»: