Դատական նիստի ժամանակ Իսպանիայի կանանց հավաքականի ֆուտբոլիստ Ջենիֆեր Հերմոսոն խոսել է Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախկին ղեկավար Լուիս Ռուբիալեսի հետ հայտնի համբույրի մասին, ինչպես նաև անդրադարձել է ԶԼՄ-ների ճնշումներին։ Գործը ներկայումս քննվում է Իսպանիայում։ Դատարանի դահլիճում ներկա են ստեղծված իրավիճակի երկու կողմերը։
— Թռիչքի ժամանակ Վիլդան կամ Ռուբիալեսը ներողություն խնդրե՞լ են, կամ մտահոգվե՞լ են Ձեզ համար:
— Ոչ: Ոչ ոք։ Ոչ ոք նույնիսկ չեկավ հարցնելու, թե ինչպես եմ ես զգում: Նույնիսկ Վիլդան, ում հետ մտերիմ հարաբերություններ ունեի։ Ես ինձ անպաշտպան էի զգում RFEF-ի դեմ: Սա պետք է լիներ իմ ապահով տեղը։ Ես իմ երկրի հավաքականի խաղացող եմ, և ոչ ոք չի հարցրել՝ կարո՞ղ եմ ինչ-որ բան անել, կամ ինչ-որ բանի կարիք ունեմ:
— Ինքնաթիռում ուրիշ բան պատահե՞լ է:
-Այո, ես հանդիպեցի Իվանա Անդրեսին՝ կապիտանին։ Նա հարցրեց՝ արդյոք ինձ խնդրել են Ռուբիալեսի հետ հոլովակ նկարել: Ես պատասխանեցի՝ այո։ Նա ասաց, որ իրեն էլ են ասել, որ ելույթ ունենա: Ասացի՝ Իվանա, ուզում են, որ այսպես անես, չէ, մի՛ արա։ Նա պատասխանեց. «Լավ», և մենք բաժանվեցինք: Ինքնաթիռում այլ բան չի եղել։
— Լրատվամիջոցների և սոցիալական ճնշումներ եղե՞լ են:
-Այո: Անշուշտ։ Այն պահից, երբ ոտք դրեցի Իսպանիա, 24 ժամ տանս դիմաց տեսախցիկներ կային, մարդիկ ինձ սպասում էին փողոցում, դիտում էին ինձ, նկարում ինձ, մինչ ես նախաճաշում էի։ Ես ստիպված էի հեռանալ Մադրիդից իմ ամբողջ ընտանիքի հետ։ Ես վախ զգացի, երբ դուրս էի գալիս , վախենում էի, որ ինձ կհետևեն։ Մահվան սպառնալիքներ եմ ստացել։ Տարբեր բնույթի հաղորդագրություններ: Մենք հեռացանք Մադրիդից։ Դա անտանելի դարձավ,- Հերմոսոյի խոսքերն է մեջբերում AS-ը։