«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանի՝ «ցուլերի» սան լինելու և հունգարական «Պուշկաշ Ակադեմիա» ակումբ վաճառվելու որոշումը։
«Նա երիտասարդ տղա է, նրան խաղային փորձ է պետք։ Մենք գնացինք նրան ընդառաջ։ Թեև որպես մարզիչ, ես կցանկանայի ունենալ մոտավորապես նույն մակարդակի չորս պաշտպան։ Բայց նա մեր սանն է, և նա պետք է խաղա, այդ իսկ պատճառով էլ տեղափոխվեց Հունգարիա», — Մուսաևի խոսքերն է փոխանցում Матч ТВ-ն։
Հարությունյանը «ցուլերի» հիմնական թիմում նորամուտը նշել է 2022/2023թթ․ մրցաշրջանում։
Հարությունյանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել էր Ռուսաստանի Գավաթի 7 հանդիպման։ Վերջինս չէր մասնակցել ՌՊԼ-ի ոչ մի խաղի։ Ընդհանուր առմամբ նա «ցուլերի» կազմում անցկացրել է 20 խաղ։ Ֆուտբոլիստը չի կարողացել աչքի ընկնել արդյունավետ գործողություններով։ Transfermarkt կայքի ներկայացրած տվյալների համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 1 միլիոն եվրո։