Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի տեղափոխվի «Սևիլյա»։ Այս մասին հայտնում է RB Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Սևիլյան» որոշել է դադարեցնել Թիկնիզյանի տրանսֆերի շուրջ բանակցությունները «Լոկոմոտիվի» հետ։ Ենթադրվում է, որ կողմերը երկար ժամանակ բանակցել են, սակայն չեն կարողացել համաձայնության գալ։
Միաժամանակ, հնարավոր է, որ իսպանական ակումբը հաջորդ ամառ կարող է խաղացողի համար նոր առաջարկ կատարել։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա պաշտպանը «երկաթուղայինների» կազմում մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը Նաիրի տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։