Առաջարկում ենք ծանոթանալ օրերս կայացած մի շարք կարևոր տրանսֆերներին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
✅ «Մանչեսթեր Սիթին» պայմանագիր է կնքել «Նյու Յորք Սիթիի» 18-ամյա անգլիացի պաշտպան Քրիստիան Մաքֆարլեյնի հետ: Նշվում է, որ «Նյու Յորք Սիթին» գումար կստանա ֆուտբոլիստի տրանսֆերի վերավաճառման դեպքում և անգլիական ակումբ է տեղափոխվել անվճար։ «Մանչեսթեր Սիթին» հայտարարել է նաև Սիերա Լեոնեյի հավաքականի և «Ռեալ Վալյադոլիդի» պաշտպան Ջումա Բայի հետ պայմանագիր կնքելու մասին։ Գործարքի արժեքը կազմել է 8 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։ «Քաղաքաբնակները» անմիջապես Բային վարձավճարով ուղարկել են «Լանս» մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։
✅ Մյունխենի «Բավարիան» հայտարարել է «Քյոլնի» դարպասապահ Յոնաս Ուրբիգի տեղափոխության մասին։ 21-ամյա գերմանացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ։
Տրանսֆերի արժեքը կազմել է 7 միլիոն եվրո։
✅ Ճապոնիայի հավաքականի հարձակվող Կյոգո Ֆուրուհաշին «Սելթիկից» տեղափոխվեց «Ռեն»։ 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց շոտլանդական ակումբը ստացել 12 միլիոն եվրո: «Ռենը» Կյոգոյի երկրորդ եվրոպական ակումբն է: Ֆուրուհաշին Շոտլանդիայի եռակի չեմպիոն է, ճանաչվել է Շոտլանդիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ, ինչպես նաև դարձել է առաջնության լավագույն ռմբարկու։
✅ Պորտուգալացի կիսապաշտպան Ժոտան «Ռենից» տեղափոխվել է «Սելթիկ»։ 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կազմել է 10 միլիոն եվրո: 2023 թվականին նա հենց «Սելթիկից» էր տեղափոխվել «Ալ Իթիհադ», իսկ անցյալ ամառ տեղափոխվել էր «Ռեն»։
✅ Սաուդյան «Ալ-Հիլալը» խզել է պայմանագիրը բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ։ Պայմանագիրը խզվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Նեյմարի և «Ալ-Հիլալի» միջև պայմանագիրը նախատեսված էր մինչև այս տարվա ամառ։ Բրազիլացին, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի հայրենիք և պայմանագիր կկնքի «Սանթոսի» հետ։
✅ Իսպանական «Սևիլիան» հայտարարել է «Մոնպելյեի» հարձակվող Ակոր Ադամսի տեղափոխության մասին։ 24-ամյա նիգերիացին պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականի ամառ։ Տրանսֆերի արժեքը կազմել է 5,5 մլն եվրո։
✅ Պորտուգալացի կիսապաշտպան Ռենատո Վեյգան «Չելսիից» վարձավճարով տեղափոխվել է «Յուվենտուս»: Իտալական ակումբը 21-ամյա պորտուգալացու վարձակալության համար վճարել է 4 մլն եվրո, կարող է նաև վճարել ևս 1,5 մլն եվրո՝ որպես բոնուսներ։
✅ «Լեսթերի» բանգլադեշցի պաշտպան Համզա Չոուդուրին մրցաշրջանի երկրորդ հատվածը կանցկացնի Չեմպիոնշիփում։ Նա վարձավճարով տեղափոխվել է «Շեֆիլդ Յունայթեդ»։
✅ «Բրենտֆորդի» պաշտպան Մադս Ռոերսլևը մրցաշրջանի մնացած հատվածը կշարունակի Բունդեսլիգայում։ Դանիայի հավաքականի ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվել է «Վոլֆսբուրգ»՝ ամբողջական տրանսֆերը ձևակերպելու իրավունքով։
Շարքի նախորդ մասերը՝
➡️ Անտոնիի նոր թիմը, Ռոմայի նորեկները, Միլանի նոր տրանսֆերը
➡️ Հարությունյանի նոր թիմը, Փյունիկի նորեկները, Յուվենտուսի նոր տրանսֆերը
➡️ Ռանոսի նոր թիմը․ Մանչեսթեր Սիթիի երեք նորեկները, Բավարիայի նոր տրանսֆերը
➡️ Խվիչայի նոր ակումբը, ԱՊԼ-ի նորեկի ռեկորդը, դանիացիները՝ թոփ լիգաներում
➡️ Հայկական ակումբների նորեկները, հայ ֆուտբոլիստների նոր թիմերը, Ալմադան և Խամեսը փոխել են ակումբները
➡️ Հայ ֆուտբոլիստների նոր թիմերը, անգլիական ակումբների նորեկները
➡️ Սելարայանի նոր թիմը, Ա Սերիայի ակումբի ռեկորդը, դարպասապահների տեղափոխություններ Եվրոպայում
➡️ Ադամյանը փոխել է ակումբային գրանցումը, Տոտենհեմի նոր դարպասապահը, Գաբիգոլը նոր ակումբ ունի