Առաջարկում ենք ծանոթանալ օրերս կայացած մի շարք կարևոր տրանսֆերներին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
✅ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի Բունդեսլիգա-2-ը ներկայացնող «Կայզերսլաութերնում»։ 21-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»՝ վարձակալական հիմունքներով, որը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
✅ «Բավարիան» պաշտոնապես հայտարարել է «Հոֆենհայմի» 19-ամյա կենտրոնական կիսապաշտպան Թոմ Բիշոֆի տրանսֆերի մասին։ Երիտասարդ գերմանացին «Բավարիա» է տեղափոխվում ազատ գործակալի կարգավիճակով։ Նրա պայմանագիրը «Հոֆենհայմի» հետ ավարտվում է ամռանը։ Նա ընթացիկ մրցաշրջանը կավարտի հարազատ ակումբում։ Բիշոֆը 4 տարվա պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ։
✅ Դանիայի հավաքականի կիսապաշտպան Ալբերտ Գրոնբաեկը կարիերան կշարունակի Անգլիայի Պրեմիեր լիգայում։ 23-ամյա կենտրոնական կիսապաշտպանը «Ռենից» տեղափոխվել է «Սաութհեմփթոն»։ Անգլիական ակումը վարձակալել է ֆուտբոլիստին՝ ամբողջական տրանսֆերը գնելու տարբերակով։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 մլն եվրո։
✅ Բիրմինգհեմի «Աստոն Վիլան» պայմանագիր է կնքել «Լևանտեի» պաշտպանի հետ. անգլիական ակումբը հայտարարել է Անդրես Գարսիայի տեղափոխության մասին։ 21-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը չի հաղորդվում: Տրանսֆերի գործարքի արժեքը կազմել է 7 միլիոն եվրո։
✅ «Զենիթը» հայտարարել է Բրազիլիայի հավաքականի և «Բոտաֆոգոյի» վինգեր Լուիս Էնրիկեի տեղափոխության մասին։ Տրանսֆերի արժեքը գնահատվում է 33 միլիոն եվրո (Transfermarkt): Բրազիլիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը պետերբուրգյան ակումբի հետ պայմանագիր է կնքել 4+1 սխեմայով։
✅ Պաշտպան Գոնսալո Մոնտիելը լքել է «Սևիլյան» և տեղափոխվել «Ռիվեր Փլեյթ»: Նա արգենտինական թոփ ակումբի հետ պայմանագիր է կնքել առաջիկա չորս տարվա համար։ Թիմերի միջև գործարքը գնահատվում է 4,5 միլիոն եվրո։
✅ Եգիպտոսի հավաքականի հարձակվող Օմար Մարմուշն «Այնտրախտից» տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»։ Այս մրցաշրջանում թոփ լիգաների ամենաարդյունավետ ֆուտբոլիստներից մեկն անգլիական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականի ամառ։ Տրանսֆերի արժեքը կազմել է 75 մլն եվրո: Սա այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ամենաթանկարժեք գործարքն է։
✅ «Մանչեսթեր Սիթին» հայտարարել է «Լանսից» Աբդուկոդիր Խուսանովի տեղափոխության մասին։ Ուզբեկստանի հավաքականի կենտրոնական պաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Ֆուտբոլիստի տրանսֆերը «քաղաքաբնակներին» արժեցել է 40 միլիոն եվրո։
✅ «Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտարարել է Վիտոր Ռեյսի տեղափոխության մասին «Պալմեյրասից»: 19-ամյա բրազիլացի կենտրոնական պաշտպանը «Մանչեսթեր Սիթիի» հետ կնքել է պայմանագիր, որի ժամկետը նախատեսված է մինչև 2029 թվականը: Բրազիլացի ֆուտբոլիստի տեղափոխության գործարքի ընդհանուր գումարը կկազմի մոտ 37 մլն եվրո:
Շարքի նախորդ մասերը՝
➡️ Խվիչայի նոր ակումբը, ԱՊԼ-ի նորեկի ռեկորդը, դանիացիները՝ թոփ լիգաներում
➡️ Հայկական ակումբների նորեկները, հայ ֆուտբոլիստների նոր թիմերը, Ալմադան և Խամեսը փոխել են ակումբները
➡️ Հայ ֆուտբոլիստների նոր թիմերը, անգլիական ակումբների նորեկները
➡️ Սելարայանի նոր թիմը, Ա Սերիայի ակումբի ռեկորդը, դարպասապահների տեղափոխություններ Եվրոպայում
➡️ Ադամյանը փոխել է ակումբային գրանցումը, Տոտենհեմի նոր դարպասապահը, Գաբիգոլը նոր ակումբ ունի