Հանգստյան օրերին «Մանչեսթեր Յունայթեդը» հերթական պարտությունն է կրել, երբ Ռուբեն Ամորիմի թիմը սեփական հարկի տակ 1-3 հաշվով պարտվել է «Բրայթոնին»:
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, հանդիպումից հետո Ամորիմը շատ զայրացած է եղել։
Հանդերձարանում նույնիսկ սեղաններ են շուռ եկել, աթոռներ են «սավառնել»։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստի հստակ ասվել է, որ նա կամ «կկատարելագործվի, կամ կհեռանա թիմից»:
Ըստ The Athletic-ի՝ հեռուստացույցը, որն օգտագործվել է տակտիկական վերլուծության համար, ևս վերանորոգման կարիք ունի։ Ընդգծվում է նաև, որ պորտուգալացի մասնագետի նման պահվածքը շատերին է զարմացրել ակումբում, քանի որ նա սովորաբար խաղադաշտում տեղի ունեցածը վերլուծում է հաջորդ օրը, իսկ խաղից անմիջապես հետո չի քննադատում թիմին։
Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է 13-րդ տեղը։ Ռուբեն Ամորիմի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հինգշաբթի օրը՝ հունվարի 23-ին, «Ռեյնջերսի» հետ։