«Փյունիկի» պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ավարտվել են պայմանագրերը «Փյունիկի» և ֆուտբոլիստներ Էլեն Քոլմանի, Սիմենա Գոնգորայի, Մերի Էսիֆուլի, Սոլանժ Կարվալեշի և Սուզուհո Յամասակիի միջև։
Էլեն Քոլմանը թիմին էր միացել անցած մրցաշրջանում: Գանացի պաշտպանը «Փյունիկ աղջիկների» կազմում էր, երբ 2023/24 մրցաշրջանում պատմության մեջ առաջին անգամ թիմը դարձել է Հայաստանի չեմպիոն: Նա օգնել է թիմին նաև Չեմպիոնների լիգայում: Էլեն Քոլմանը «Փյունիկում» 20 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ:
Մերի Էսիֆուլը նույնպես թիմին էր միացել անցած մրցաշրջանում և մեծ ազդեցություն էր ունեցել չեմպիոն դառնալու հարցում: Հիշարժան է գանացու նորամուտի խաղը «Ուրարտուի» հետ, որտեղ նա 2 ասիստ կատարեց: Մերին երևանյան թիմի կազմում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 22 հանդիպում և դարձել 6 գոլի հեղինակ:
Սիմենա Գոնգորան «Փյունիկին» էր միացել անցած տարվա ամռանը: Նա իր նորամուտը նշել է Չեմպիոնների լիգայում՝ «Ապոլլոն Լեյդիսի» դեմ խաղում: Ներքին առաջնությունում կոլումբուհին հրաշալի վիճակագրություն է սահմանել՝ 10 խաղ 3 գոլ:
Սոլանժ Կարվալեշը նույնպես իր նորամուտը նշել էր Չեմպիոնների լիգայում: Եվրոպայի գլխավոր մրցաշարում Սոլանժը մրցել էր «Ապոլլոն Լեյդիսի» դեմ Կիպրոսից և հյուսիսիրլանդական «Գլենտորանի» հետ: Ներքին առաջնությունում պորտուգալուհին ցույց է տվել իր բարձր կարգը, նա 8 խաղից հետո 8 խփած գոլ ունի:
Սուզուհո Յամասակին թիմին ևս միացել էր 2024 թվականի ամռանը: Ճապոնուհին մասնակցել է Չեմպիոնների լիգայի մեր 2 խաղին: Յամասակին առաջնության առաջին հատվածում անկասելի էր բոլոր թիմերի համար. նա գերտպավորիչ վիճակագրությամբ է հրաժեշտ տալիս թիմին՝ 9 խաղ, 13 գոլ:
«Շնորհակալություն ենք հայտնում ֆուտբոլիստուհիներին իրենց կատարած աշխատանքի և անմոռանալի պահերի համար: Մաղթում ենք ձեզ հաջողություն հետագա կարիերայի ընթացքում»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: