Հայաստանի աթլետները, ավանդույթի համաձայն, այս մրցաշրջանը նույնպես կսկսեն Լոռու ֆեդերացիայի բաց առաջնությունով, որը տեղի կունենա Վանաձորում հունվարի 25-ին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Դրան հաջորդող ամիսներին աթլետները կմարզվեն և կմրցեն խտացված գրաֆիկով: Նշենք փետրվարի 15–ին Բելգրադում կկայանա Բալկանյան երկրների ձմեռային բաց առաջնությունը, իսկ Նիդերլանդներում մարտի 6-9 –ը կանցկացվի Եվրոպայի ձմեռային ստուգատեսը: Դրանից երկու շաբաթ հետո՝ մարտի 21-23-ը, Չինաստանի Նանջինգում նախատեսված է փակ մարզադահլիճների աշխարհի առաջնությունը, որը չեղարկվել էր 2021թ.՝ կովիդ համավարակի պատճառով:
Մարզաձևի միջազգային օրացուցային պլանում առաջին անգամ ամրագրված է խճուղային վազքի Եվրոպայի առաջնությունը: Մասնակցող վազորդները ապրիլի 12-ից իրենց դիմացկունությունն ու տակտիկական հմտությունները կդրսևորեն Բրյուսելում կայանալիք ստուգատեսի 10 կմ, 21 կմ / կիսամարաթոն / և մարաթոնյան վազքում:
Արտաշատում մայիսին նշանակված է Հայաստանի աթլետիկայի առաջնությունը: Լավագույն արդյունք ցույց տված աթլետներով կազմվելու է հավաքական, որն ընդլայնված կազմով կմասնակցի Սլովենիայի Մարիբուր քաղաքում հունիսի 24–ին մեկնարկելիք Եվրոպայի թիմային առաջնությանը:
Տարվա գլխավոր ստուգատեսը սեպտեմբերին Տոկիոյում կայանալիք աշխարհի առաջնությունն է: