Ուզբեկ ֆուտբոլիստ Աբդուկադիր Խուսանովը ֆրանսիական «Լանսից» տեղափոխվեց անգլիական «Մանչեսթեր Սիթի», հաղորդում է Telecomasia.net-ը։
Պայմանագրի ստորագրմանը մասնակցել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։ Ֆուտբոլիստը թիմում հանդես կգա 45 համարի ներքո։
20-ամյա Խուսանովի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերել նաև Լևերկուզենի «Բայերը», «Նապոլին», «Յուվենտուսը», Դորտմունդի «Բորուսիան», «Ռեալը», «Նյուքասլ Յունայթեդը» և «Տոտենհեմը»։
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Խուսանովը մասնակցել է 13 հանդիպման, սակայն գոլային գործողություններով չի աչքի ընկել։ Նա «Լանս» էր տեղափոխվել 2023 թվականին բելառուսական «Էներգետիկ-ԲԳՈւ»-ից։
Անգլիայի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» զբաղեցնում է վեցերորդ տեղը՝ 35 միավորով։ Առաջատարն է «Լիվերպուլը»՝ 47 միավորով։