Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Էնդրիկը խոսել է այս մրցաշրջանում մադրիդյան թիմի կազմում իր խաղաժամանակի մասին։
«Չէի սպասում, որ ավելի շատ րոպեներ կխաղամ… Անչելոտին գիտի, թե ինչ է անում: Նա անում է այն, ինչ լավագույնն է ոչ թե ինձ, այլ թիմի համար։ Եթե թիմին անհրաժեշտ լինեն Կիլիանը (Մբապե), Վինիին (Վինիսիուս Ժունիոր) կամ Ռոդրիգոն, ապա նրանք կլինեն կազմում: Եթե դա Արդա Գյուլերն է, նա պատրաստ կլինի: Եթե ես լինեմ, ես պատրաստ կլինեմ», — Էնդրիկի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter):
18-ամյա Էնդրիկը «Ռեալում» հանդես է գալիս 2024 թվականի հուլիսից։ Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 17 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Ընդհանուր առմամբ, ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է 291 րոպե։