Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ «Յուվենտուսի» կազմը ներկայումս կատարյալ չէ, ինչի մասին հուշում են կադրային խնդիրները, որոնք իրենց արտացոլումն են գտնում խաղադաշտում վատ արդյունքներով։ Ակումբում այդ մասին գիտեն և արդեն աշխատում են դրանց լուծման ուղղությամբ։
«Յուվենտուսի» սպորտային տնօրեն Կրիշտիանո Ջունտոլին ընդգծել է, որ առաջնահերթությունը պաշտպանության ամրապնդումն է, իսկ արդեն հետո «ծեր սինյորան» կկենտրոնանա մյուս դիրքերի վրա։ Միևնույն ժամանակ, թուրինյան ակումբի ղեկավարը նշել է, որ «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոյի տրանսֆերի հարցը կարող է հստակություն ստանալ արդեն հաջորդ շաբաթ։
«Մեր ընթացիկ ռազմավարությունն այն է, որ առաջին հերթին ամրապնդենք պաշտպանությունը, իսկ հետո տեսնենք, արդյոք կարող ենք կազմին ավելացնել ունիվերսալություն նաև մյուս դիրքերում։ Բնական է, որ մենք հասկանում ենք՝ սկսում ենք զրոյից. մեր կազմը երիտասարդ է, իսկ մարզիչը՝ նոր։ Սակայն մենք հավատում ենք, որ շուտով կկարողանանք ավելի մրցունակ դառնալ՝ ընտրելով տնտեսական առումով ճիշտ ուղի։
Արաուխոն և Ռանդալ Կոլո Մուանին երկու լավ ֆուտբոլիստներ են, բայց տրանսֆերային պատուհանը նոր է բացվել, և մենք հույս ունենք, որ հաջորդ շաբաթ հնարավոր է լավ նորություններ ստանանք», – ասել է Ջունտոլին DAZN-ին տված հարցազրույցում։