«Տոտենհեմում» այս պահին վնասվածք ունեցող ֆուտբոլիստները շատ են և դա, իհարկե, ազդում է նաև թիմի արդյունքների վրա։
Բացի վնասվածք ստացած դարպասապահ Վիկարիոյից, ակումբի լազարեթում են նաև պաշտպաններ Միկի վան դե Վենը, Քրիստիան Ռոմերն և այլ ֆուտբոլիստներ։
Դարպասապահի հարցն արդեն լուծված է։ Չեխ Անտոնին Կինսկին օրերս պայմանագիր կնքեց «Տոտենհեմի» հետ։ Ըստ TeamTalk-ի, այս տրանսֆերը նախատեսված էր ամռանը, սակայն վերը նշված պատճառներով այն շուտ կայացավ։
Հունվարյան տրանսֆերային պատուհանի համար ակումբի գլխավոր առաջնահերթությունը նոր պաշտպան ձեռք բերելն է։
Ըստ նույն TEAMtalk-ի՝ «Տոտենհեմը» ցանկանում է ձեռք բերել «Էվերտոնի» կենտրոնական պաշտպան Ջարեդ Բրանթուեյթին, սակայն նրա՝ այս ամիս «Գուդիսոն Պարկից» տեղափոխվելը դժվար կլինի: «Էվերտոնը» կպահանջի նվազագույնը 80 միլիոն ֆունտ ստեռլինգ։ «Լանսի» պաշտպան Աբդուկոդիր Խուսանովը նույնպես «Տոտենհեմի» դիտակետում է և գլխավոր մարզչի ֆավորիտներից է այս տրանսֆերային պատուհանի համար։ Սակայն այստեղ սպասվում է լուրջ մրցակցություն․ ֆուտբոլիստին հավակնում են նաև «Մանչեսթեր Սիթին», ՊՍԺ-ն ու «Ռեալը»։
Իսկ ահա Մյունխենգլադբախի «Բորուսիայի» ճապոնացի կենտրոնական պաշտպան Կո Իտակուրան «Տոտենհեմի» համար ամենամատչելի տարբերակն է: Աղբյուրները նշում են, որ նա պատրաստ է միանալու ակումբին, տրանսֆերը կարժենա մոտ 15 միլիոն ֆունտ ստեռլինգ և կարող է ձևակերպվել արդեն այս ամիս, եթե, իհարկե ՊՍՎ Էյնդհովենն առաջ չանցնի անգլիական ակումբից: