Ջուդ Բելինգհեմը, ով «Մեստալյայում» «Ռեալի» հաղթական գոլի հեղինակը դարձավ, խաղից հետո խոսեց Realmadrid TV-ի հետ։
Խաղի մասին
«Խելահեղ խաղ էր։ Շատ բարդ է, երբ թիմը մեծ ակնկալիքներ ունի քեզանից, իսկ դու վրիպում ես 11-մետրանոցից։ Զգում էի, թե ինչպես հիասթափեցրի թիմին և զայրացած էի ինձ վրա։ Պետք էր կենտրոնանալ, որովհետև այսպիսի բաներ լինում են։ Իմ թիմակիցներն անհավանական էին։ Հավասարեցնող գոլի պահը թիմային աշխատանքի արդյունք էր. Բրահիմը մեծ աշխատանք կատարեց, իսկ Լուկասը գտավ տարածություն։ Այդ գոլը թիմի ողջ աշխատանքի արդյունքն էր, և ինձ մնում էր ավարտել Կիլիանի փոխանցումը»:
Բնավորություն
«Երբ կրում ես այս մարզաշապիկը, երբեք չես կարող հանձնվել։ Երբ վրիպեցի 11-մետրանոցից, իմ թիմակիցները կարող էին մեղադրել ինձ, բայց նրանք աջակցեցին ինձ։ Մենք ցուցադրեցինք «Ռեալի» բնավորությունը՝ նույնիսկ 10 ֆուտբոլիստով։ Մենք կանգնեցինք և վաստակեցինք Լա Լիգայի համար շատ կարևոր երեք միավոր»:
Առաջնորդություն
«Գոլից և փոխանցումից բացի, լավ խաղացի։ Ընտանիքիս հետ արձակուրդից վերադարձա մեծ ցանկությամբ և վճռականությամբ։ Այդ պատճառով էլ վրիպած 11-մետրանոցն ինձ վրա չազդեց, որովհետև գիտեի՝ լավ եմ խաղում։ Հաճելի է հաղթական գոլ խփելը, բայց ավելի կարևոր է, որ թիմը լավ հանդես գա։ Ես ուզում եմ լինել թիմի առաջնորդը և դա ցույց տվեցի այս խաղում»:
Առաջնության առաջատար
«Շատ կարևոր է լինել աղյուսակի առաջին հորիզոնականում և հաղթել աղյուսակի ներքևում գտնվող թիմերին։ Դեռ հունվարն է, տարվա առաջին խաղն է։ Ամենակարևորն այն է, թե ինչ կլինի մայիսին, երբ որոշվում են հաղթողները։ Մենք պետք է այսպիսի խաղեր անցկացնենք ամեն շաբաթ»: