«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը գոլի հեղինակ դարձավ Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի «Վալենսիայի» դեմ խաղում (2:1): Նա դարձավ գոլի հեղինակ դարձած ամենատարեց ֆուտբոլիստը ակումբի պատմության մեջ:
Ներկայումս խորվաթ ֆուտբոլիստը 39 տարեկան է և 116 օրական։ Նա գերազանցեց Ֆերենց Պուշկաշի ռեկորդը, որը 1966 թվականին «Ռեալի» կազմում գոլ էր խփել 39 տարեկան և 15 օրական հասակում։
Լա Լիգայի 12-րդ տուրի «Վալենսիայի» դեմ տեղափոխված հանդիպումը դարձավ Մոդրիչի համար 561-րդը Մադրիդի ակումբի կազմում։ Այս ցուցանիշով նա ընդգրկվեց ակումբի պատմության ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստների տասնյակում՝ հավասարվելով Միչելին և Պիրրիին։
39-ամյա խորվաթը դաշտ դուրս եկավ փոխարինման 80-րդ րոպեին, երբ «Ռեալը» զիջում էր 0:1 հաշվով և խաղում էր 10 ֆուտբոլիստով։ 85-րդ րոպեին Մոդրիչը հավասարեցրեց հաշիվը։
«Ռեալի» պատմության ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստների լավագույն տասնյակը
1. Ռաուլ — 741 խաղ
2. Իկեր Կասիլյաս — 725
3. Մանուել Սանչիս — 710
4. Սերխիո Ռամոս — 671
5. Կարիմ Բենզեմա — 648
6. Սանտիլյանա — 645
7. Ֆերնանդո Հիերո — 602
8. Ֆրանցիսկո Խենտո — 600
9. Խոսե Անտոնիո Կամաչո — 577
10. Լուկա Մոդրիչ, Պիրրի, Միչել — 561
Մոդրիչի խոսքերը RealmadridTV-ին
Ռեկորդի մասին: «Հպարտ եմ, որ հավասարվել եմ նման լեգենդների և հասել այս թվին»:
Հաղթանակի մասին: «Այսպիսի հաղթանակները ցույց են տալիս թիմի անհավատալի բնավորությունը. մենք երբեք չենք հանձնվում»:
Առաջատար դիրք Լա Լիգայում: «Թեև դեռ վաղ է, բայց միշտ հաճելի է առաջին տեղում լինել»:
Բելինգհեմի փոխանցման մասին: «Նրա փոխանցումը հիանալի էր, իմ գոլն ավելի հեշտ էր, քան այդ փոխանցումը»: