«Բարսելոնան» ձմեռային դադարը սկսեց Մադրիդի «Ատլետիկոյից» 1:2 հաշվով կրած պարտությունից հետո։ Ընդհանուր առմամբ, թիմի արդյունքները վերջին շրջանում վատթարացել են, և ակումբի ղեկավարությունը որոշել է քննարկել ստեղծված իրավիճակը։
Ինչպես հայտնում է Sport.es-ը, մարզական տնօրեն Դեկուն, գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը և թիմի մի քանի ավագներ հանդիպել են «Ատլետիկոյից» կրած պարտությունից հետո՝ քննարկելու անկման պատճառները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆիզիկական, տակտիկական և հոգեբանական վիճակները։ Նպատակն էր բացահայտել խնդիրները, հատկապես հաշվի առնելով, որ ակումբը չի կարող ակտիվորեն գործել հունվարյան տրանսֆերային շուկայում։
Հանսի Ֆլիկի կարծիքով, թեև «Ատլետիկոյից» կրած պարտությունը ցավալի է, թիմը լավ է խաղացել, և նման հանդիպումներն օգնելու են ճիշտ ուղի գտնել։ Սակայն «Լեգանեսից» և «Լաս Պալմասից» պարտությունները մարզիչը կապում է խաղացողների վերաբերմունքի հետ, ինչը նրան չի գոհացնում։
Լա Լիգայում «Բարսելոնան» ներկայումս այդքան էլ լավ վիճակում չէ. վերջին յոթ խաղերից թիմը հաղթել է միայն մեկում, պարտվել է չորսում և երկու խաղ ավարտել ոչ-ոքի։