«Բարսելոնայի» նախկին հարձակվող Նեյմարի հայրը պատմել է, որ մինչ իր որդու՝ 2013 թվականին «Սանտոսից» կատալոնական ակումբ տեղափոխվելը, «Ռեալն» ավելի շահավետ առաջարկ է արել ֆուտբոլիստին։
«Բարսելոնա» տեղափոխվելն ամբողջությամբ Նեյմարի որոշումն էր։ Առաջարկներ ունեինք «Բարսելոնայից» և «Ռեալից»։ «Ռեալի» առաջարկը երեք անգամ ավելին էր, քան «Բարսելոնայինը»։ Սակայն որդիս ասաց՝ ոչ, քանի որ ցանկանում էր խաղալ Մեսսիի և «Բարսելոնայի» մնացած խաղացողների հետ: Նրա երազանքն էր խաղալ «Բարսելոնայում»,- ասել է Նեյմարի հայրը Jota Jota Podcast-ում:
Բրազիլացի ֆուտբոլիստը «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-ից 2017 թվականներին: Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 186 հանդիպման, որոնցում դարձել է 105 գոլի և 76 գոլային փոխանցման հեղինակ։