«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը խոսել է «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ համեմատությունների մասին։
«Մեսսիի հետ համեմատվելը մեծ պատիվ է ինձ համար, բայց ես փորձում եմ գրել իմ պատմությունը: Մեսսին պատմության լավագույն խաղացողն է, իսկ ես նոր եմ անում իմ առաջին քայլերը։ Երբեմն այս համեմատությունները չեն օգնում»,- Յամալի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Յամալը «Բարսելոնայի» գլխավոր թիմում հանդես է գալիս 2023 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: Այս պահին ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 150 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա խաղացողը «կապտանռնագույնների» կազմում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։