Դեկտեմբերի 18-ին ՀՖՖ գրասենյակում կայացել է ՀՖՖ 25-րդ հերթական ժողովը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Մինչ բուն օրակարգին անցնելը ելույթներով հանդես են եկել հատուկ հրավիրված հյուրերը՝ ՖԻՖԱ-ի Եվրոպայի մասով ռեգիոնալ համակարգող Մարկո Ֆերին և ՈՒԵՖԱ Հեթ-Թրիկ ծրագրի ավագ մենեջեր Դենիս Բաստարին, ովքեր արժևորեցին վերջին տարիներին ՀՖՖ կողմից կատարված աշխատանքները և հաջողություն մաղթեցին ապագա ծրագրերում:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել է ՀՖՖ գործունեության հաշվետվությունը (2023 դեկտեմբեր — 2024 դեկտեմբեր), իսկ ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը՝ ՀՖՖ նախորդ ֆինանսական տարվա (2023) ֆինանսական հաշվետվությունը: Երկուսն էլ հաստատվել են ՀՖՖ Ժողովի պատվիրակների կողմից:
Անկախ աուդիտորական եզրակացությունը ներկայացրել է «ԲԻ ԴԻ Օ Արմենիա» ընկերությունը: Այն նույնպես հաստատվել է ՀՖՖ Ժողովի կողմից: Այնուհետև ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը ներկայացրեց ՀՖՖ 2025 թվականի ֆինանսական տարվա բյուջեն: ՀՖՖ Ժողովի պատվիրակները քվեարկել են բյուջեի հաստատման օգտին: Օրակարգի հաջորդ կետով նշանակվել է ՀՖՖ անկախ աուդիտորը: «ԲԻ ԴԻ Օ Արմենիա» ընկերության փոխարեն 2024 թվականի ֆինանսական տարվա աուդիտը կիրականացնի «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ն:
Օրակարգի 11-րդ կետով հաստատվել են ՀՖՖ Կանոնադրության փոփոխությունները և լրացումները, այնուհետև տեղի ունեցավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի նոր անդամների ընտրությունը: ՀՖՖ Գործադիր կոմիտեի շարքերը համալրել են Անուշ Անանյանը («Սարդարապատ» ՖԱ) և Նարեկ Բաբայանը («Սյունիք» ՖԱ):
Այնուհետև կայացել է ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նոր անդամի, ինչպես նաև ՀՖՖ Ընտրական կոմիտեի նախագահի, փոխնախագահի, անդամների նշանակումը: ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի անդամ է նշանակվել Նազելի Արսենյանը, ՀՖՖ Ընտրական կոմիտեի նախագահ՝ Ալլա Հախնազարյանը, փոխնախագահ՝ Ալեն Մկրտչյանը, անդամ՝ Իզաբելլա Մուրադյանը (փոխարինող անդամ՝ Անժելա Աբրահամյանը):
Հաջորդիվ ՀՖՖ Ժողովը քվեարկել է ՀՖՖ Կանանց ֆուտբոլի և ֆուտզալի կոմիտեի փոխարեն ՀՖՖ Կանանց ֆուտբոլի կոմիտեի և ՀՖՖ Ֆուտզալի կոմիտեի ստեղծման օգտին:
Օրակարգի վերջում քննարկվել է «Արարատի Արաքս ՖԱ» ՀԿ, «Վեդի ՖԱ» ՀԿ և «Հայք ՖԱ» ՍԱ ՀԿ-ներին ՀՖՖ անդամություն շնորհելու հարցը: 3 ակումբների ներկայացուցիչներն էլ հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց ակումբների գործունեությունն ու ծրագրերը, որից հետո ՀՖՖ Ժողովը քվեարկել է նրանց՝ ՀՖՖ անդամ դառնալու օգտին: