Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբի բրազիլացի հարձակվող Նեյմարը շնորհավորել է Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորին ՖԻՖԱ-ի «The Best» մրցանակաբաշխության արդյունքներով 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի անվանակարգում հաղթանակի կապակցությամբ։ Հիշեցնենք, որ արարողությունը տեղի է ունեցել երեկ՝ դեկտեմբերի 17-ին։
«Շնորհավորում եմ, Վինի: Դու արժանի էիր սրան: Ես անկեղծորեն ուրախ եմ քեզ համար: Կանգ մի՛ առ և շարունակի՛ր առաջ գնալ»,- գրել է Նեյմարը սոցցանցերի իր էջում։
2023/2024 մրցաշրջանում Վինիսիուսը «Ռեալի» հետ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, Իսպանիայի Սուպերգավաթում և Չեմպիոնների լիգայում: Բրազիլացի վինգերը բոլոր մրցաշարերում մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 24 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։