«Ալ-Հիլալի» բրազիլացի հարձակվողը Նեյմարը թիմակիցներին ասել է, որ ամռանը պատրաստվում է հեռանալ սաուդյան ակումբից: Այս մասին հայտնում է Sky Sport Switzerland-ը։
Աղբյուրի համաձայն՝ Նեյմարը խաղընկերներին ասել է, որ պատրաստվում է միանալ «Ինտեր Մայամիին», որի կազմում հանդես են գալիս իր նախկին թիմակիցներ Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը, Սերխիո Բուսկետսը և Ժորդի Ալբան։
32-ամյա խաղացողի պայմանագրի ժամկետը արաբական ակումբի հետ ավարտվում է 2025 թվականին, ավելի վաղ հաղորդվում էր, որ կողմերի միջև պայմանագրի երկարաձգումը քիչ հավանական է։
Հիշեցնենք, որ Նեյմարը մոտ մեկ տարի բաց թողեց ծնկի խաչաձև կապանների վնասվածքի պատճառով և խաղադաշտ վերադարձավ հոկտեմբերին: Ապաքինվելուց հետո բրազիլացի հարձակվողը մասնակցել է Ասիայի Չեմպիոնների լիգայի երկու հանդիպման և ազդրի վնասվածք ստացել։