Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է «Լացիոյի» հետ հանդիպման սկզբունքայնության մասին, որտեղ նախկինում աշխատել է:
Ա Սերիայի 16-րդ տուրի հանդիպումը կկայանա այսօր՝ դեկտեմբերի 16-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին։
«Ինձ համար «Լացիոյի» դեմ խաղը երբեք չի լինի այնպես, ինչպես մյուս խաղերը։ Կարծում եմ, որ սա արդեն ութերորդ անգամն է, որ հանդիպում եմ նրանց, չորրորդը «Ստադիո Օլիմպիկոյում»: Ես չեմ մոռանում անցածս ճանապարհը, այստեղ նվաճած տիտղոսները՝ սկզբում որպես խաղացող, իսկ հետո՝ որպես մարզիչ։
Շնորհակալ եմ իմ բոլոր նախկին թիմակիցներին ու խաղացողներին, մտածում եմ նախագահ Կլաուդիո Լոտիտոյի, տնօրեն Իգլի Տարայի, բոլորի մասին, ում հետ աշխատել եմ։ Ինձ բախտ է վիճակվել լինել սկզբում «Լացիոյի», իսկ այժմ՝ «Ինտերի» մարզիչը, մի ակումբ, որտեղ ես շատ երջանիկ եմ, զգում եմ, որ գնահատված եմ և հպարտ եմ մեր արածով»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Ինձագին 22 տարի եղել է հռոմեական ակումբի համակարգում: Որպես ֆուտբոլիստ՝ Սիմոնեն մեկ անգամ հաղթել է Ա Սերիայում «Լացիոյի» հետ, երեք անգամ հաղթել է Իտալիայի գավաթը և մեկ անգամ՝ երկրի Սուպերգավաթը։ Նախկին ֆուտբոլիստն ակումբի հետ նվաճել է նաև ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը: Որպես մարզիչ՝ Ինձագին թիմին հասցրել է հաղթանակի Գավաթում և երկու անգամ Իտալիայի Սուպերգավաթում։