«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, ում պայմանագիրը մերսիսայդցիների հետ ավարտվում է հաջորդ ամառ, ակնկալում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
Այս մասին սոցիալական ցանցերում հայտնում է Sky Sports-ի լրագրող Մելիսա Ռեդին։
Աղբյուրի համաձայն՝ Ալեքսանդր-Առնոլդը «գայթակղված» է «Ռեալին» միանալու գաղափարով, չնայած այն խոսակցություններին, որ «կարմիրների» սանը բանակցություններ է սկսել «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Բացի այդ, Տրենտը ոգևորված է Անգլիայի հավաքականում իր թիմակից Ջուդ Բելինգհեմի հետ խաղալով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան», որը ցանկանում է մրցակցություն ստեղծել Ժյուլ Կունդեի համար, հետաքրքրություն է ցուցաբերում Ալեքսանդր-Առնոլդի նկատմամբ։
Այս մրցաշրջանում Ալեքսանդր-Առնոլդը մասնակցել է 17 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում կատարել է չորս գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 70 միլիոն եվրո: