Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն այսօր՝ դեկտեմբերի 11-ին, հետազոտություն կանցնի՝ գնահատելու վնասվածքի լրջության աստիճանը, որը ստացել էր դեկտեմբերի 10-ին Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 6-րդ տուրի՝ իտալական «Ատալանտայի» հետ խաղում (3:2):
Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
«Այսօր Կիլիան Մբապեն բուժզննում կանցնի՝ գնահատելու երեկ ստացած վնասվածքը։ Անչելոտին ասել է, որ սա լուրջ խնդիր չի համարում»,- գրել է Ռոմանոն:
Մբապեն խաղադաշտը ստիպված է եղել լքել հանդիպման 36-րդ րոպեին: Մինչ այդ նա հասցրել է մեկ գոլ հեղինակել: «Ռեալի» կազմում գոլի հեղինակ են դարձել նաև Վինիսիուս Ժունիորը և Ջուդ Բելինգհեմը: