Ուկրաինայի հավաքականի և Լոնդոնի «Չելսիի» եզրային հարձակվող Միխայիլ Մուդրիկի գործակալ Վադիմ Շաբլին տեղեկատվություն է տարածել իր հաճախորդի ապագայի մասին։
«Նա եզակի խաղացող է՝ մեծ տաղանդով և ամբիցիաներով: Նրա համար կենսական նշանակություն ունի խաղից հաճույք ստանալը, կենսական նշանակություն ունի զգալ, որ իրեն վստահում են։ Միանգամայն վստահ եմ, որ նա ցույց կտա իր լավագույն ֆուտբոլային որակները։ Իհարկե, Միշայի նման խաղացողները միշտ կգրավեն այլ ակումբների և նրանց սկաուտների ուշադրությունը:
Նա այն խաղացողներից է, որն իր խաղային որակների շնորհիվ կարող է ազդել հանդիպման ելքի վրա։ Նա զգում է խաղը, գիտի պատասխանատվություն ստանձնել և արագ որոշումներ է կայացնում։ Բայց այս պահին նա պայմանագիր ունի «Չելսիի» հետ, և նրա բոլոր մտքերն այն են, թե ինչպես դառնալ հիմնական թիմի խաղացող»,- Շաբլիի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը։
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում, «Չելսիի» կազմում անցկացրած յոթ խաղում Մուդրիկը ոչ մի արդյունավետ գործողություն չի կատարել։ Կոնֆերենցիաների լիգայում նա վեց խաղում խփել է երեք գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում։