«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը կատակով պատասխանել է «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից հետո (2:0) իր թիմի հարձակվող Մոհամեդ Սալահի այն խոսքերին, որ սա հավանաբար եգիպտացու վերջին խաղն էր մերսիսայդցիների կազմում «Մանչեսթեր Սիթիի» դեմ՝ պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով:
«Միգուցե Մոհամեդն ավելին գիտի 115 մեղադրանքների մասին («Մանչեսթեր Սիթիի» դեմ — խմբ), ուստի նա ակնկալում է, որ նրանք արդեն չեն լինի հաջորդ մրցաշրջանում… դա կատակ էր: Կրկնում եմ՝ դա կատակ է»,- Սլոտի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցի (նախկինում՝ Twitter) իր էջում։
Հիշեցնենք, որ «քաղաքայինները» մեղադրվում են 2009-ից 2018 թվականներին ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու մեջ։ Ենթադրվում է, որ «Մանչեսթեր Սիթին» ամբողջությամբ չի բացահայտել իր կատարած ֆինանսական վճարումները։ Ներկայում լսումները շարունակվում են ակումբի 115 ենթադրյալ ֆինանսական խախտումների վերաբերյալ:
Սալահի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Նա ակումբում հանդես է գալիս 2017 թվականից։