Հարի Քեյնը վնասվածք է ստացել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում: Բժշկական զննումից հետո պարզվել է, որ վնասվածքն ավելի լուրջ է, քան ենթադրվում էր նախկինում:
Գերմանական Kicker պարբերականը հաղորդում է, որ բուժզննման արդյունքում պարզվել է՝ Հարի Քեյնը ստացել է «թեթև» ձգում ծնկի հոդային կապանների հատվածում: Այս վնասվածքի պատճառով նա ստիպված կլինի բաց թողնել մի քանի հանդիպում:
Հայտնի է, որ նա չի կարողանա մասնակցել Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակչի խաղին, որտեղ «Բավարիան» մրցելու է գործող չեմպիոն «Բայերի» դեմ Լևերկուզենում․ խաղը նախատեսված է երեքշաբթի:
Ավելի վաղ «Բավարիայի» մարզիչ Վինսենթ Կոմպանին հույս էր հայտնել, որ Հարի Քեյնի վնասվածքը չափազանց լուրջ չէ: Նա նույնիսկ չէր բացառել անգլիացի հարձակվողի մասնակցությունը «Բայերի» դեմ Գերմանիայի գավաթի խաղում։