Այսօր Բուենոս Այրեսում կայացավ Լիբերտադորեսի գավաթի մրցաշարի եզրափակիչը, որում հանդիպեցին բրազիլական երկու ակումբներ՝ «Ատլետիկո Մինեյրոն» և «Բոտաֆոգոն»։
Հանդիպումն ավարտվեց «Բոտաֆոգոյի» հաղթանակով՝ 3-1 հաշվով։ Ընդ որում՝ Ռիո դե Ժանեյրոն ներկայացնող թիմը 2-րդ րոպեից մնացել էր 10 հոգով, երբ հեռացվեց Գրեգորին։
Առաջին խաղակեսում «Բոտաֆոգոն» ստացավ երկու գոլի առավելություն․ աչքի ընկան Էնրիկեն և Տելեսը (11 մ)։ «Ատլետիկո Մինեյրոն» երկրորդ խաղակեսի մեկնարկում մեկ գոլ խփեց․ փոխարինման դուրս եկած Վարգասին օգնեց աչքի ընկնել Հալկը։ Խաղավերջում Ժունիոր Սանթոսը ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 3-1:
Այսպիսով, «Բոտաֆոգոն» պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Լիբերտադորեսի գավաթը։
Մրցաշարի մասին
Լիբերտադորեսի գավաթի մրցաշարն անցկացվում է 1960 թվականից։ Տիտղոսների քանակով ռեկորդակիրն արգենտինական «Ինդեպենդյենտեն» է, որը հաղթել է մրցաշարը 7 անգամ։ Արգենտինական ևս մեկ ակումբ՝ «Բոկա Խունիորսը» մրցաշարը հաղթել է 6 անգամ։ Երրորդն այդ ցուցանիշով ուրուգվայական «Պենյարոլն» է՝ 5 տիտղոս։ Արգենտինական «Ռիվեր Փլեյտը» և «Էստունդիանտեսը» 4-ական անգամ են հաղթել մրցաշարը։ Ամենահաճախը եզրափակիչին մասնակցել է «Բոկա Խունիորսը»՝ 12 անգամ։
Բրազիլական ակումբներից «Սան Պաուլոն», «Գրեմիոն», «Սանթոսը» և «Ֆլամենգոն» երեքական անգամ են հաղթել մրցաշարը։ Եզրափակիչի այսօրվա մասնակից «Ատլետիկո Մինեյրոն» մեկ անգամ է նվաճել Լիբերտադորեսի գավաթը։ Այսօր իր առաջին տիտղոսը նվաճեց նաև «Բոտաֆոգոն»։
Ընդհանուր առմամբ, արգենտինական թիմերը մրցաշարում հաղթել են 25 անգամ, բրազիլական թիմերը՝ 24 անգամ։