Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը մեղադրվում է ցանցահենության մեջ։
«Արքայական ակումբի» հարձակվողը բաց է թողել Չեմպիոնների լիգայի շրջանակում «Լիվերպուլի» (0:2) հետ հանդիպումն ազդրի վնասվածքի պատճառով։ Նա Instagram-ի իր «պատմություններ» բաժնում տեղադրել էր մի կարճ տեսանյութ, որտեղ նա հեռուստացույցով դիտում էր այդ հանդիպումը։
Տեսանյութից պարզ էր, որ բրազիլացին դիտում է ոչ թե Իսպանիայի պաշտոնական հեռարձակողի, այլ բրազիլական հեռուստաալիքի հեռարձակումը։
Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը նամակ է գրել մադրիդյան ակումբին՝ ֆուտբոլիստի գործողությունները «ցանցահենություն» անվանելով։ Relevo-ն նշում է, որ «սերուցքայինները» դժվար թե պատասխանեն այդ նամակին։
«Եթե նա Մադրիդում էր, իսկ ես կարծում եմ, որ նա Մադրիդում էր, ուրեմն զբաղվել է ցանցահենությամբ։ Իսպանիայում Չեմպիոնների լիգան դիտելու համար պետք է դիտել Movistar: Եթե նա դիտել է TNT Sports-ի հեռարձակումը, պետք է օգտագործեր VPN կամ արբանյակային ալեհավաք։ Նա պետք է շրջանցած լինի Movistar-ը։ Պահանջել ենք, որ նման բան այլևս չկրկնվի»,- հայտարարել է Տեբասը։