ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության Լիգայի փուլի 4-րդ տուրում իսլանդական «Վիկինգուրը» Հայաստանում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Երևանի «Նոայի» հետ։
Խաղից հետո Ռեյկյավիկը ներկայացնող թիմի գլխավոր մարզիչ Առնար Բերգման Գունլաուգսոնը կիսվել է իր տպավորություններով՝ նշելով, որ գոհ է Երևանից միավորով վերադառնալու առիթով։
«Սա իմ թիմի բարձրակարգ կատարումն էր։ Գրեթե ոչ մի հնարավորություն չտվեցինք մրցակցին, ինչը շատ բարձր ցուցանիշ է։ Մենք որոշեցինք փոխել մեր մարտավարությունը՝ հարգանքով մոտենալով այս բարդ արտագնա հանդիպմանը։
Մրցակցի կազմում լավ հարձակվողներ կային, այդ պատճառով ճիշտ համարեցի, որ անհրաժեշտ է մի փոքր ամրապնդել պաշտպանությունը։
Մենք ունեցանք գերազանց հնարավորություններ երեք միավոր ապահովելու համար, բայց ագահություն կլիներ, եթե գոհ չլինեինք այս խաղի արդյունքից։ Գիտակցում էինք, որ ձախողվել ենք «Օմոնիայի» հետ խաղում։ Այս անգամ ցանկանում էինք ավելի ամբողջական խաղ ցուցադրել և չկորցնել կենտրոնացվածությունը։ Դա մեզ մոտ ստացվեց, և ես շատ հպարտ եմ տղաներով։ Այս միավորը կարող է վճռական լինել։ Առնվազն կարող ենք շարունակել երազել»,- նշել է «Վիկինգուրի» գլխավոր մարզիչը։