Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլի 4-րդ տուրում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» այսօր Երևանում կմրցի իսլանդական «Վիկինգուր Ռեյկյավիկի» հետ։ Իսլանդիայի մայրաքաղաքը ներկայացնող թիմը եվրագավաթային այս մրցաշրջանին մասնակցելու իրավունք է ձեռք բերել երկրի չեմպիոնի կարգավիճակում։
Իսլանդիայում առաջնությունն անցկացվում է գարուն-աշուն համակարգով։ 2023 թվականին թիմը պատմության մեջ 7-րդ անգամ նվաճել է երկրի չեմպիոնի տիտղոսը, իսկ այս տարի դարձել է փոխչեմպիոն: Նախորդ ամիս ավարտված առաջնությունում մայրաքաղաքը ներկայացնող թիմն ընդամենը 3 միավոր է զիջել նորընծա չեմպիոն «Բրեյդեբլիկին»։
Եվրագավաթային այս մրցաշրջանում «Վիկինգուրը»՝ որպես Իսլանդիայի չեմպիոն, պայքարը սկսել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ ճանապարհը զիջելով իռլանդական «Շեմրոկ Ռովերսին»՝ պայքարը շարունակել է Կոնֆերենցիաների լիգայում։
Իսլանդական թիմը Հանրապետական մարզադաշտում անցկացրած մարզումից լուսանկարներ է հրապարակել:
Ավելին՝ իսլանդական թիմի գլխավոր մարզիչ Արնե Բերգման Գյունլեյգսոնը «Նոայի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի 4-րդ տուրի խաղից առաջ «Հանրապետական» մարզադաշտում իր մասնակցությամբ լուսանկար է տեսել և լուսանկարվել 🙂
«Վիկիգուրը» Իսլանդիայի ամենամեծ պատմություն ունեցող թիմերից մեկն է։ Ակումբը հիմնադրվել է 1908 թվականին ու պատմության մեջ 7 անգամ դարձել է երկրի չեմպիոն, 5 անգամ գավաթակիր, 2 անգամ սուպերգավաթակիր։ Ակումբն առաջին անգամ է մասնակցում եվրագավթային մրցաշարերի հիմնական փուլին։
Ակումբի լոգոն խորհրդանշում է Իսլանդիայի հարուստ վիկինգյան ժառանգությունն ու մշակույթը։ Ունենալով մեծ ակադեմիա ու կանանց թիմ «Վիկինգուրը» մեծապես նպաստում է իսլանդական ֆուտբոլի զարգացմանը։ «Վիկինգուրն» Իսլանդիայում մեծապես նպաստում է ոչ միայն ֆուտբոլի, այլև տարբեր մարզաձևերի զարգացմանը։ Ակումբն ունի հանդբոլի, լողի և այլ մարզաձևերի թիմեր։
Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Վիկինգուրն» անցկացրած 3 խաղից հետո 6 միավորով 14-րդն է։ Թիմը խփել ու բաց է թողել հնգական գոլ։ Առաջին տուրում իսլանդական թիմն արտագնա խաղում 0։4 հաշվով պարտվել է Կիպրոսի «Օմոնիային», իսկ մյուս երկու խաղերում հաղթել է բելգիական «Ցերկլ Բրյուգեին» (3։1) ու բոսնիական «Բորաց Բանյային» (2։0):
Թիմն այսօր ներկայացրել է իր երկրպագուներին, որոնք 4937 կմ տարածություն են անցել՝ Երևանում իրենց թիմին աջակցելու նպատակով: