ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության Լիգայի փուլի 4-րդ տուրում «Նոան» կհանդիպի Ռեյկյավիկի «Վիկինգուրին»։ Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, իսկ խաղի մեկնարկը կտրվի 21։45-ին։
Խաղից առաջ «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան պատասխանել է լրագրողների հարցերին։
«Բարի երեկո բոլորին։ Ֆուտբոլում այսպիսի մի բան կա․ դու չպետք է նայես մրցակից ակումբի անվանը։ Եթե փորձես մրցակցին դատել միայն անունով, կարող ես սխալ եզրահանգումներ անել։ «Վիկինգուրն» Իսլանդիայի չեմպիոն է եղել, իսկ նման առաջնությունում չեմպիոն դառնալու համար իսկապես պետք է շատ ուժեղ թիմ լինես։ Կոնֆերենցիաների լիգայում դուք հեշտ մրցակիցներ չեք ունենում։
Իհարկե կցանկանայի, որ մենք ավելի շատ օր ունենայինք հանգստանալու համար։ Հանդիպում ենք անցկացրել ընդամենը 3 օր առաջ։ Ցանկացած հանդիպումից հետո ֆուտբոլիստի վերականգնման համար 48-ից 72 ժամ է հարկավոր։ Ամեն դեպքում մենք հասցրել ենք լավ աշխատանք կատարել։ Մեր թիմն ուժեղ բնավորություն ունի։
«Վիկինգուրը» շատ մրցակցային թիմ է, լավ պաշտպանություն ունի և սիրում է տիրել գնդակին։ Չեմ կարծում, որ նրանք միշտ ցույց են տալիս ուղղահայաց ֆուտբոլ։ Ունեն խաղեր, երբ շատ են տիրել գնդակին։ Լավ ենք ուսումնասիրել մրցակցին, ինչպես անում ենք մեր յուրաքանչյուր մրցակցի դեպքում: Գիտենք նրանց ուժեղ և թույլ կողմերը: Վաղվա խաղում պատրաստ ենք համապատասխան մարտավարություն ընտրել ու լինել խաղի մեջ՝ փորձելով ինչպես միշտ 3 միավոր վաստակել»։
Ասուլիսն ամբողջությամբ՝ ստորև․