Այսօր կկայանա Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի «Նոա»-«Վիկինգուր» հանդիպումը, որը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 21:45-ին։
Ո՞վ է «Նոայի» մրցակիցը
«Վիկինգուրը» Իսլանդիայի նախորդ տարվա չեմպիոնն է, իսկ այս տարի առաջնությունում զբաղեցրեց երկրորդ տեղը՝ 3 միավոր զիջելով չեմպիոն դարձած «Բրեյդաբլիկին»։ «Վիկինգուրն», ընդհանրապես, առաջնության ամենատիտղոսակիր թիմերից մեկը չէ․ թիմը 7 անգամ է դարձել չեմպիոն (որից երկուսը՝ վերջին 4 տարում), այդ ցուցանիշով միայն 6-րդն է Իսլանդիայում։ Համեմատության համար նշենք, որ «Ռեյկյավիկը» չեմպիոն է դարձել 27 անգամ, «Վալյուրը»՝ 23։ «Վիկինգուրը» նաև 5 անգամ դարձել է գավաթակիր։
«Վիկինգուրը», որը հիմնադրվել է 1908 թվականին, իր 116 տարվա պատմության մեջ, ինչպես և «Նոան», առաջին անգամ է մասնակցում եվրագավաթների հիմնական փուլի։ Կոնֆերենցիաների լիգայում թիմը հայտնվել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլից։ Թիմն առաջին փուլում պարտվել է «Շեմրոկին», այնուհետև Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլից սկսած հաղթահարել է «Էգնատիայի», «Ֆլորայի» և «Սանտա Կոլոմայի» արգելքը։ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում երրորդ տուրից հետո իսլանդական թիմը 6 միավոր է վաստակել․ զիջել է «Օմոնիային» (0-4), հաղթել «Բորացին» (2-0) և «Սերկլ Բրյուգեին» (3-1):
Թիմի կազմը
Նախ նշենք, որ «Վիկինգուրը» բացի ֆուտբոլից, ունի նաև հանդբոլի, թենիսի, կարատեի և այլ թիմեր։ Հանդբոլի տղամարդկանց և կանանց թիմերը ևս բազմիցս տիտղոսներ են նվաճել ներքին առաջնությունում։
Ինչ վերաբերում է «Վիկինգուրի» ներկայիս կազմին․ թիմում հիմնականում գերակշռում են իսլանդացի ֆուտբոլիստները։ Լեգիոներները 5-ն են թիմում․ շվեդ պաշտպան Օլիվեր Էկրոտը, Ֆարերյան կղզիների ներկայացուցիչ, պաշտպան Գունար Վաթնհամարը, դանիացի կենտրոնական կիսապաշտպան Տարիկ Իբրահիմաջիչը, 34-ամյա սալվադորցի կիսապաշտպան Պաբլո Պունյեդը և դանիացի հարձակվող, թիմի ավագ Նիկոլայ Հանսենը։ Նրանք բոլորն էլ հիմնական կազմի ֆուտբոլիստներ են։

Գունար Վաթնհամարը 46 հանդիպում է անցկացրել Ֆարերյան կղզիների հավաքականում, նա մասնակցել է Ազգերի լիգայի այս տարվա բոլոր 6 հանդիպումներին, այդ թվում՝ Հայաստանի հավաքականի դեմ երկու խաղերին։ Բայց թիմի մարզիչը նշել է, որ «Վիկինգուրի» ֆուտբոլիստների մեծ մասը պատրաստ է խաղին, սակայն բացակայելու են Գունար Վաթնհամարը, Էրլինգ Ագնարսոնը և Պաբլո Պունյեդը։ Մարզչի մամուլի ասուլիսն՝ այստեղ։
«Վիկինգուրի» ամբողջ կազմի ընդհանուր տրանսֆերային արժեքը գնահատվում է 4,11 մլն եվրո, «Նոայի» կազմը՝ 7,76 մլն եվրո։ «Վիկինգուրի» կազմում ամենաբարձր տրանսֆերային արժեքն ունի 20-ամյա հենակետային կիսապաշտպան Գիսլի Թհորդարսոնը (400 հազար եվրո), ով հանդես է գալիս Իսլանդիայի երիտասարդական հավաքականում։ Թիմի կազմում հանդես են գալիս Իսլանդիայի հավաքականի մի քանի ֆուտբոլիստ՝ կիսապաշտպան Արոն Էլիս Թհրանդարսոնը, 21-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Դանիել Ջուրիչը, կենտրոնական հարձակվող Ինգիմունդարսոնը։

Թիմի հավանական կազմը․
Դարպասապահ՝ Ինգվար Յոնսոն (Ժամանակին հանդես է եկել Իսլանդիայի հավաքականի կազմում)
Պաշտպաններ՝ Ատլասոն (աջից), Էկրոտ, Ֆյոլուսոն (կենտրոն), Կարլ Գունարսոն (ձախից)
Կիսապաշտպաններ՝ Վիկտոր Անդրասոն (Իսլանդիայի հավաքական), Գիսլի Տհորդարսոն, Արոն Էլիս Թհրանդարսոն (կամ Բրանդարսոն)
Աջ վինգեր՝ Արի Սիգուրալսոն
Ձախ վինգեր՝ Դանիել Ջուրիչ կամ Հելգի Գուդյոնսոն
Կենտորոնական հարձակվող՝ Նիկոլայ Հանսեն կամ Ինգիմունդարսոն։
Հելգի Գուդյոնսոնն այս մրցաշրջանում թիմի լավագույն ռմբարկուն էր 11 գոլով։ Ջուրիչը խփել է 9 գոլ, Սիգուրալսոնը և Ինգիմունդարսոնը՝ 8-ական, թիմի ավագ Հանսենը՝ 7 գոլ։
Թիմի մարզիչն է 51-ամյա իսլանդացի մասնագետ Արնար Գունլաուգսոնը։ Նա 2019 թվականից է աշխատում որպես թիմի գլխավոր մարզիչ, իսկ մինչ այդ եղել է գլխավոր մարզչի օգնական (այդ թվում՝ նաև «Ռեյկյավիկում»)։
«Վիկինգուրն» իր տնային հանդիպումներն անցկացնում է Ռեյկյավիկի «Վիկինգսվոլուր» մարզադաշտում, որը տեղավորում է 1450 հանդիսական։ Թիմին Իսլանդիայում անվանում են «Վիկինգներ»։ Թիմն իր ակադեմիայով աչքի է ընկնում Իսլանդիայի ազգային և երիտասարդական հավաքականներում զգալի ներդրմամբ՝ վերջին տարիներին բացահայտելով այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Կարի Արնասոնը, Սոլվի Օտեսենը, Կոլբեյն Սիգորսոնը, Արոն Էլիս Բրանդարսոնը և Օտար Մագնուս Կարլսոնը: