Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լայնածավալ հարցազրույց է տվել իտալական Corriere della Sera օրաթերթին։
Մխիթարյանը խոսել է ինքնաքննադատական բնույթի, Յուրգեն Կլոպի հետ աշխատանքի, կրթության, լեզուների իմացության, ինչպես նաև հոր կորստի և ընտանիքի կարևորության մասին։
— Դուք թիմի տարիքով ավագ խաղացողներից մեկն եք։ Եվ եթե ձեր տարիքի մեկը վատ է խաղում, ասում են՝ ծեր է: Այս պիտակներն ազդո՞ւմ են ձեր վրա:
— Ոչ, մենք բավականաչափ հանգիստ և խելացի ենք դա հասկանալու համար: Տարիքը միայն թիվ է, և եթե մենք չենք հաղթում խաղը, դա տարիքի պատճառով չէ։
— Ինչպե՞ս կբացատրեք երիտասարդ մնալու գաղտնիքը։
— Ամեն ինչ չեմ բացահայտի (ժպտում է): Փորձում եմ լավ քնել, ճիշտ սնվել՝ խուսափելով գլյուտենից, շաքարից և լակտոզայից՝ մեր սննդաբան Պինչելլայի խորհրդով: Եվ հետո կա գլխավոր կողմը՝ լավ մարզվելը։
— Մտածում եք ավելի քիչ խաղալով պահպանել ուժերը, թե՞ միշտ կլինի «Մխիթարյան + 10 հոգի», ինչպես գրված էր սկուդետոյի տոնակատարության պաստառի վրա։
— Ցանկանում եմ միշտ խաղալ, սակայն մենք երկար պահեստայինների նստարան ունենք և վերջնական որոշումը կայացնում է գլխավոր մարզիչը։ Ամեն դեպքում, անցկացնում եմ իմ կարիերայի վերջին տարիները և որքան շատ եմ խաղում, այնքան ավելի շատ եմ հաճույք ստանում։