Կյանքը կարանտինի ժամանակ, նաև կյանքն է առանց ֆուտբոլի․ ինչպիսի՞ն է այն, ինչո՞վ կարելի է զբաղվել ձանձրույթից խուսափելու և օգուտներ քաղելու համար․ ArmSport-ի հետ զրույցում խորհուրդներով է կիսվել «Ուրարտուի» ավագ Արամ Բարեղամյանը, որն արդեն 22 օր է գտնվում է կարանտինում։
-Արա՛մ, ինպիսի՞ն է կյանքն առանց ֆուտբոլի:
-Կյանքն առանց ֆուտբոլի շատ տխուր է ու միապաղաղ, բայց միապաղաղությունը գալիս է կարանտինից:
-Ավելի շատ կարոտում եք ֆուտբոլ խաղա՞լը, թե՞ դիտելը:
-Իհարկե խաղալը: Դիտելու կարոտը կարելի է կոմպենսացնել. դեռ շատ չդիտած խաղեր կան։
-Ինչպե՞ս եք անցկացնում ժամանակը կարանտինում:
-Հիմա ավելի շատ ժամանակ ունեմ ընտանիքիս անդամների հետ անցկացնելու,ինքնակրթվելու համար, որոնք, կարծում եմ, կարանտինի դրական կողմերից են։
-Անհատական մարզումներ անցկացնո՞ւմ եք։
-Իհարկե։ Չնայած ստեղծված ճգնաժամային իրավիճակին՝ ոչ մի դեպքում չի կարելի ծուլանալ։ Անհատական մարզումներ գրեթե ամեն օր անցկացնում եմ,փորձում եմ շատ հեռու չմնալ մարզավիճակիցս։

-Ինչի՞ց են բաղկացած դրանք:
-Ամեն անգամ տարբեր ուղղվածության մարզումներ եմ անցկացնում․ տեխնիկական, արագաուժային, դիմացկունության…
-Անընդհատ հումորներ են պտտվում, որ կարանտինից հետո բոլորը գիրացած են լինելու, ինչպե՞ս պահպանել քաշը։
-Ուղղակի պետք է չթողնել, որ ծուլությունը հաղթի քեզ․ պետք է հնարավորինս մարզվել ու հետևել սննդակարգին։ Պետք է հասկանալ, որ սա ուղղակի վատ ժամանակաշրջան է,որը շուտով կանցնի, իսկ ծուլությունն ու ավելորդ քաշը մեզ հեռու կպահեն մեր նպատակներից։

-Ի՞նչ խորհուրդ կտաք մյուսներին, որպեսզի չձանձրանան այս օրերին:
-Մենք այն ազգն ենք, որը կարողացել է հաղթահարել մութ ու ցուրտ տարիները և չի ձանձրացել: Իսկ այս լուսավոր ու տեղեկատվական աշխարհում հասանելի շատ բաներ կան ձանձրույթից խուսափելու համար: Ես խորհուրդ կտամ զբաղվել ինքնակրթությամբ և ինքազարգացմամբ, քանի դեռ կա նման «հնարավորություն»:
-Գրքեր, ֆիլմեր, երգեր՝ Արամ Բարեղամյանի խորհրդով:
—Գրքերից՝
Ջեկ Լոնդոն․ «Մարտին Իդեն»,
Ռոբին Շառմա․ «Վանականը, որը վաճառեց իր Ֆեռարին»,
Խալեդ Հոսեյնի․ «Օդապարուկ թռցնողը» և, իհարկե, միշտ ակտուալ և իմաստալից գիրք գրքոցը` Աստվածաշունչը:
Ֆիլմերից՝
“Достучатся до небес”,
“Апокалипсис”,
“Побег из Шоушенка”,
“Законопослушный гражданин”:
Երգերից՝
Ed Sheeran-Shape of You
Justin Timberlake ft T.I-Dead and Gone
Էլոն Սարաֆյան-Հայ Աղջիկ
Andrea Bocelli ft Helene Segara-Vivo Per Lei։
Ստելլա Բաբլոյան