Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ՈւԵՖԱ-ի Վերաքննիչ կոմիտեն որոշում է կայացրել Կոսովոյի հավաքականին տեխնիկական պարտություն նշանակել Ազգերի լիգայի C լիգայի 2-րդ խմբի 5-րդ տուրի Ռումինիայի հետ խաղում, որը տեղի էր ունեցել նոյեմբերի 15-ին։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Ըստ կայացված որոշման՝ Կոսովոյի հավաքականին նշանակվել է տեխնիկական պարտություն, ինչպես նաև տուգանք՝ 6000 եվրոյի չափով։ Ռումինիայի հավաքականը տուգանվել է 128,000 եվրոյով և հաջորդ տնային խաղը կանցկացնի առանց հանդիսականների։
Հիշեցնենք, որ Կոսովոյի հավաքականը լքել էր դաշտը երկրորդ խաղակեսին ավելացված ժամանակում, երբ տանտերերի երկրպագուները սկսել էին վանկարկել Սերբիային աջակցող լոզունգներ։ Սկզբում խաղը դադարեցվել էր, սակայն մեկ ժամ անց հանդիպման գլխավոր մրցավարը որոշել էր ավարտել հանդիպումը։
Այս խաղը հաշվի չառնելով՝ Ռումինիայի հավաքականը 15 միավորով զբաղեցնում էր C լիգայի 2-րդ խմբի առաջին տեղը, Կոսովոյի հավաքականը երկրորդն էր՝ 12 միավորով։