«Վեստ Արմենիայի» ֆուտբոլիստներն ամբողջ թիմի անունից բողոք են ներկայացրել՝ տեղեկություններ տրամադրելով Armsport.am-ի խմբագրությանը։
Ֆուտբոլիստների խոսքով՝ իրենք գրեթե 3 ամիս մնացել են առանց աշխատավարձերի, ինչի պատճառով պատրաստվում են բոյկոտ իրականացնել։ Դիտարկվում են բոյկոտն արտահայտելու տարբերակներ, ընդհուպ մինչև դուրս չգալ խաղադաշտ Fastex Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի՝ «Փյունիկի» հետ կայանալիք արտագնա խաղում։
Նախկինում Armsport.am-ը դիմել է «Վեստ Արմենիային»՝ ֆուտբոլիստների աշխատավարձերի ուշացման հարցով: Ակումբից հայտնել են, որ ուշացումները թեթև են եղել՝ նորմայի սահմաններում, սակայն ֆուտբոլիստները պնդում են հակառակը։
Ակումբում կան ֆուտբոլիստներ, որոնք բնակություն են հաստատել Հայաստանում՝ վարձակալելով բնակարաններ, և նույնիսկ եղել են դեպքեր, որ օրն անցկացրել են միայն ջուր խմելով։
Եթե ակումբի սեփականատերը չվճարի աշխատավարձերը մինչև նոյեմբերի 21-ը, ՀՖՖ-ն խոստացել է փոխհատուցել այն ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարով, այն էլ ձմեռային հանդիպումներն անցկացնելու հետո, այսինքն գալիք տարվա հունվարին, ինչը նույնպես հուսալքող է։