ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի հինգերորդ տուրի հանդիպմանը Պորտուգալիայի հավաքականը տանը հյուրընկալել էր Լեհաստանին։ Կրիշտիանու Ռոնալդուն դուրս եկավ մեկնարկային կազմում և աչքի ընկավ երկու գոլով։
72-րդ րոպեին Ռոնալդուն բացեց իր գոլերի հաշիվը խաղում՝ վստահորեն իրացնելով 11-մետրանոցը և դարձնելով հաշիվը 2:0։ Հանդիպման վերջում նա կրկնեց հաջողությունը՝ օգտվելով Վիտինյայի փոխանցումից և հաշիվը դարձրեց 5:0։
Այսպիսով, Ռոնալդուի հաշվում այժմ 910 գոլ կա կարիերայում։ Մինչ 1000 գոլի նշաձողը նրան մնացել է խփել ևս 90 գոլ։
Բացի այդ, Լեհաստանի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը 132-րդն էր նրա կարիերայում՝ հաշվի առնելով նաև ընկերական հանդիպումները միջազգային ասպարեզում։ Այսպիսով, նա սահմանեց ռեկորդ՝ գերազանցելով իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսին։
Հավելենք, որ վերջերս Ռոնալդուն հայտարարել էր, որ հիասթափված է Պորտուգալիայի հավաքականի որոշ ֆուտբոլիստներից։
Նա նաև նշել է, որ դեռ չի կարող կանխատեսել, թե ինչ սպասել իր մարմնից։ Բացի այդ, Ռոնալդուն կիսվել է իր նպատակով՝ կարիերայում 1000 գոլ խփելու մասին։
Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականում անցկացրել է 216 հանդիպում և խփել 133 գոլ։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը» և տեղափոխվել իր գլխավոր մրցակից «Ալ-Հիլալ»։