«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը Матч ТВ-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է վնասվածքից ապաքինվելու ընթացքում ֆուտբոլի հանդեպ զգացած կարոտի մասին։
Զախարյանն օգոստոսի 21-ին ստացած աջ կոճի ջիլերի վնասվածքից հետո վիրահատության էր ենթարկվել։ Ֆուտբոլիստը շուրջ 3 ամիս բացակայությունից հետո շարք է վերադառնում։
«Արդեն կարոտել եմ ֆուտբոլին, խաղերին, երեք ամիս պարզապես մարզումներ անցկացնելը դժվար է։ Սկզբում անհատականորեն էի մարզվում, իսկ հիմա վերադարձել եմ թիմ։
Հարմարվել եմ Իսպանիային։ Լեզվի հետ կապված խնդիրներ չունեմ, ամեն ինչ նորմալ է»,- նշել է Զախարյանը։
Նշենք, որ «Ռեալ Սոսյեդադը» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։ Թիմն իր առաջիկա հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 24-ին՝ հյուրընկալվելով Բիլբաոյի «Ատլետիկին»։