«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի՝ «Չելսիի» հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ աղոթում է իր խաղացողների առողջության համար։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
«Ես աղոթում եմ, որ մենք ունենանք թիմ, որը լիովին պատրաստ է խաղալու, և որ խաղացողները առողջ և լավ մարզավիճակում լինեն, քանի որ վերջին ութ շաբաթները մղձավանջային էին»,- Արտետայի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Հիշեցնենք, որ «Չելսին» զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ Թիմը 11 խաղում վաստակել է 19 միավոր։ «Արսենալը» 19 միավորով չորրորդ տեղում է։ Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը 28 միավորով գլխավորում է «Լիվերպուլը»: