Իսպանիայի Թագավորական Ֆուտբոլային Ֆեդերացիան (RFEF) որոշում է կայացրել կրկին հետաձգել Իսպանիայի Գավաթի մի քանի խաղեր, որոնցում ներգրավված են Վալենսիայի համայնքի թիմեր՝ «Դանա» փոթորկի հետևանքների պատճառով: Փոթորիկը հարավ-արևելյան Իսպանիայում ջրհեղեղներ է առաջացրել, որի հետևանքով ավելի քան 200 մարդ է մահացել։
Ինչպես հայտնում է RFEF-ի մամուլի ծառայությունը, Իսպանիայի Գավաթի առաջին փուլի «Պոնտևեդրա» — «Լևանտե» և «Պարլա Էսկուելա» — «Վալենսիա» հանդիպումները, որոնք ավելի վաղ նախատեսված էին հոկտեմբերի 30-ին և տեղափոխվել էին նոյեմբերի 6 և 7 համապատասխանաբար, այժմ նշանակվել են նոյեմբերի 19-ին և 26-ին: Բացի այդ, «Էխեա» — «Էրկուլես» հանդիպումը հետաձգվել է մինչև նոյեմբերի 14-ը, իսկ «Խետաֆեի» հանդիպումը «Մանիսեսի»-հետ՝ նոյեմբերի 26-ին։ «Ռեալ Սոսյեդադ» — «Խովե» հանդիպման անցկացման նոր ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։
Ավելի վաղ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել էր, որ երկրի բոլոր մրցաշարերը պետք է դադարեցվեն։ «Ֆուտբոլը տոն է, դուք կարող եք ուրախանալ միայն այն ժամանակ, երբ դուք, ձեր ընտանիքն ու բոլոր մնացած մարդիկ ապահով են», — ասել է մարզիչը, ում խոսքերը մեջբերում է Reuters-ը։
Երեքշաբթի՝ հոկտեմբերի 29-ին, Իսպանիայի պետական օդերևութաբանական գործակալությունը (AEMET) արտակարգ դրություն է հայտարարել Վալենսիայի տարածաշրջանում և բարձրագույն աստիճանի տագնապի երկրորդ մակարդակ՝ Անդալուզիայի որոշ մասերում։ Իսպանիան հարվածի է ենթարկվել ուժեղ անձրևներով ուղեկցվող փոթորիկից։ Հորդառատ անձրևներն ու ամպրոպները առաջացրել են ջրհեղեղներ։ Նոյեմբերի 2-ին երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտնել է, որ ջրհեղեղի հետևանքով մահացել է 211 մարդ։
Ողբերգության զոհերի հարազատներին իրենց ցավակցություններն են հայտնել Եվրոպական Ֆուտբոլային Ասոցիացիաների Միությունը (ՈւԵՖԱ), Լա Լիգան, «Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան», «Ատլետիկոն» և այլ իսպանական ակումբներ։ Մադրիդի «Ռեալի» հիմնադրամն ու Կարմիր Խաչը սկսել են դրամահավաքի արշավ՝ աջակցելու տուժածներին։ «Ռեալը» որոշել է աջակցել այս արշավին՝ 1 միլիոն եվրո նվիրաբերելով։
RFEF-ի հովանու ներքո անցկացվող վերջին բոլոր հանդիպումները սկսվել են մեկ րոպե լռությամբ։