«Բարսելոնայում» վստահ են, որ թիմի կիսապաշտպաններ Գավին և Պեդրին կերկարաձգեն իրենց պայմանագրի ժամկետը թիմի հետ։ Ավելի բարդ և խճճված պատմություն է կապված պաշտպան Ռոնալդ Արաուխոյի հետ։ Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։
Ըստ աղբյուրի՝ այն դեպքում, երբ Գավին և Պեդրին ցանկանում են վերակնքել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ, Արաուխոն նախկինի պես դեռ չի պատասխանել «կապտանռնագույններին»։
Ուրուգվայցին «Բարսելոնայի» կողմից պայմանագրի երկարաձգման առաջարկը ստացել է դեռ մի քանի ամիս առաջ։
Կողմերի միջև հանդիպումը նախատեսված է հաջորդ շաբաթ։ «Բարսելոնայում» հուսով են, որ կլսեն դրական պատասխան։
Հիշեցնենք, որ Գավիի, Պեդրիի, ինչպես նաև Արաուխոյի պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։