Իտալիայի ազգային հավաքականի և «Ինտերի» նախկին կենտրոնական պաշտպան Մարկո Մատերացին մեկնաբանել է «Ոսկե գնդակի» հանձնումը «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիին, ինչպես նաև խոսել է այդ մրցանակի կարևորության մասին։
«Չեմ կարող բողոքել Ռոդրիից, որը հաղթել է Չեմպիոնների լիգան և դարձել Եվրոպայի չեմպիոն։ Չեմ կարող բողոքել նաև Կարվախալից, բայց Լաուտարո Մարտինեսը նույնպես նվաճումներ է ունեցել թե՛ «Ինտերի», և թե՛ իր ազգային հավաքականի կազմում։ Նա ճիշտ է, երբ ասել է, թե ավելին է սպասել այդ մրցանակաբաշխությունից։ Արտահայտվեմ այսպես․ երբեմն ժյուրիի անդամները տարօրինակ որոշումներ են ընդունում։
Կարծում եմ՝ «Ոսկե գնդակն» այլևս մեծ նշանակություն չունի։ Այն արժեզրկված է։ Իրական արժեքը որոշվում է ակումբներից, որոնց կազմում դուք նվաճում եք տիտղոսներ։ Կասեի, որ Լաուտարոն գտնվում է շատ լավ դիրքում։ Նա տիտղոսներ է նվաճել «Ինտերի» և Արգենտինայի ընտրանու հետ՝ աչքի ընկնելով մրցաշարերում գոլերով։ Ահա թե ինչն է կարևոր։
Ես ասում եմ դա որպես աշխարհի չեմպիոն, որը գոլ է հեղինակել Ֆրանսիայի ընտրանու հետ խաղում և նույնիսկ չի ընդգրկվել 2006 թվականի «Ոսկե գնդակի» լավագույն 50 ֆուտբոլիստների ցանկում»,- Մատերացիի խոսքն է մեջբերում Football Italia-ն։