Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան, ներկայումս «Լեգալ Սպորտ» գործակալության գլխավոր տնօրեն Կարեն Դոխոյանը Metaratings.ru-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է ՌԴ-ում ծնված, խաղացած հայ ֆուտբոլիստների մասին։
– Վերջին 2-3 տարիներին շատ է տարածվել այն երևույթը, որ հայկական արմատներ ունեցող, Ռուսաստանում ծնված, մեծացած և խաղացած ֆուտբոլիստները ընտրում են Հայաստանի քաղաքացիությունը: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան։
– Արմատներն, ի վերջո, հայկական են: Եթե ծնողները ճիշտ դաստիարակություն են տալիս և ֆուտբոլիստն ունի ցանկություն խաղալու այն հավաքականի համար, որը, այսպես ասած, հայրական գծով է, ես դրան նորմալ եմ վերաբերվում, որովհետև ինքս 7 տարի խաղացել եմ Ռուսաստանում և ամեն ինչ լավ հասկանում եմ: Ունեմ շատ ընկերներ Սամարայում, որոնց երեխաները ծնվել են ռուսական քաղաքացիությամբ, բայց ստացել են այնպիսի դաստիարակություն, որ նրանք հայ են: Նրանք կարող են գալ այստեղ, խաղալ հավաքականում՝ լավ խաղալ, իսկ հետո մեկնել Եվրոպա, հաշվի առնելով ներկայիս իրավիճակը Ռուսաստանում:
Այս համատեքստում կցանկանայի նշել երիտասարդ Սերգեյ Մուրադյանին, ով արդեն երրորդ խաղն է խաղում Հայաստանի հավաքականի հիմնական կազմում՝ կենտրոնական պաշտպանության դիրքում: Նա «Զենիթի» սան է, հիմա խաղում է «Նոայում»: Նրան արդեն տարել էին Հայաստանի պատանեկան հավաքական, ես նրա մասին գիտեի և ասացի այն ժամանակ, որ եթե նա ցանկանա այստեղ մնալ, ես կզբաղվեմ նրա հարցերով: Անցավ մեկ կամ երկու տարի, և հայրը զանգահարեց ու ասաց՝ «Մենք որոշել ենք տեղափոխվել Հայաստան»: Նա այն ժամանակ 18 տարեկան էր:
Կայացան բանակցություններ «Զենիթի» հետ, մենք խոսեցինք Արշավինի հետ, և պարզ էր, որ պետերբուրգցիներն անվճար ֆուտբոլիստ չեն տալիս: Որոշակի գումարի դիմաց համաձայնություն ձեռք բերվեց, որպեսզի ֆուտբոլիստը տեղափոխվի այստեղ: Այդպես ստացվեց, որ մենք ճիշտ ակումբ ընտրեցինք՝ «Նոա», որը այն ժամանակ դեռ ֆինանսական նման հնարավորություններ չուներ, ինչպես հիմա:
Ակումբի ղեկավարությունը նույնպես պատրաստ էր նրան թիմում տեսնել, քանի որ նա արդեն խաղացել էր պատանեկան հավաքականում, և երևում էր նրա պոտենցիալը: Այդ ժամանակ մարզիչն էր Ռոբերտ Արզումանյանը, որի հետ միասին խաղացել ենք պաշտպանությունում: Եվ այս ամենը նպաստեց, որ Սերգեյն աստիճանաբար սկսեց խաղալ:
Հիմա «Նոան» Հայաստանի առաջատար ակումբներից է, և տեսնում ենք, թե ինչպես է նա մեծացել, թե ինչպես է արդեն խաղում: Ամենակարևորը՝ խաղում է շատ արժանապատիվ և կայուն: Կարծում եմ, որ նա նույնպես Հայաստանի ֆուտբոլի ապագան է, շատ ուրախ եմ նրա համար, որովհետև այս երկու տարիների ընթացքում, ինչ մենք աշխատում ենք միասին, նա մեծ հաջողությունների է հասել, շատ լավ է հասկանում ամեն ինչ, շատ լավ է մարզվում: Աստված տա, որ տեղափոխվի մեկ այլ լավ ակումբ: