Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CAF) կարգապահական խորհուրդը Նիգերիայի հավաքականի հետ Աֆրիկայի Ազգերի Գավաթի ընտրական խաղից առաջ սկանդալի պատճառով Լիբիայի հավաքականին տեխնիկական պարտություն է գրանցել, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։
Լիբիայի ֆուտբոլի ֆեդերացիան (LFF) նաև տուգանվել է 50 հազար դոլարով։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին նիգերիացի ֆուտբոլիստները մեկնել էին Լիբիայում կայանալիք հանդիպման։ Վայրէջքից անմիջապես առաջ ինքնաթիռը շտապ ուղղորդել են մեկ այլ օդանավակայան, որը, պարզվել է, լքված է։
Նիգերիացիներին անհրաժեշտ էր մի քանի ժամ տևող ճանապարհ անցնել ավտոբուսով՝ հասնելու այն քաղաք, որտեղ պետք է անցկացվեր հանդիպումը, սակայն ընդունող երկիրը նրանց տրանսպորտ չի տրամադրել։ Ավելին, մոտակա հյուրանոցներին արգելվել է տեղավորել նիգերիացիներին։ Նիգերիայի հավաքականը օդանավակայանում անցկացրել է ավելի քան 13 ժամ։