«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան պատմել է, որ ժամանակին մտածել է կատալոնական ակումբից հեռանալու մասին։
«Նման պահեր մի քանի անգամ են եղել։ Ակումբում անցկացրած առաջին վեց ամիսները՝ ամռանից մինչև աշխարհի առաջնությունը, ամենալավ մեկնարկը չէր ինձ համար, և ես մտածում էի թիմից հեռանալու մասին։ Այդ ժամանակ ես շատ կասկածներ ունեի ինքս ինձ վրա։ Ինձ մոտ կա վատ սովորություն՝ ուժեղ ինքնաքննադատություն, և այդ ճնշման պատճառով ես միշտ մտածում եմ հեռանալու մասին։
Իհարկե, ԱԱ-ից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց, և հաջորդ վեց ամիսների ընթացքում ես լավ արդյունքներ ցույց տվեցի։
Վնասվածքներից հետո, երբ շատ լուրեր էի կարդում այն մասին, թե երկրպագուները պահանջում են հեռացնել ինձ թիմից, կրկին սկսեցի մտածել այլ ակումբ տեղափոխվելու մասին։ Երբեմն մտածում եմ հեռանալ մի վայր, որտեղ ճնշում չի լինի։ Միաժամանակ հասկանում եմ, որ այդպես չի լինում․ ճնշում պետք է ինչ-որ չափ լինի։
Ես միշտ երազել եմ խաղալ մեծ ակումբներում, ազգային հավաքականի կարևոր խաղերում, և առանց ճնշման այդ երազանքներն իրականություն չեն դառնում։
Այնպես որ, փառք Աստծո, ես թույլ չտվեցի, որ մտքերն ինձ կլանեն այդ պահերին։ Ես պարզապես կենտրոնացա քրտնաջան աշխատանքի և նոր դերերին հարմարվելու վրա», – Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Հիշեցնենք, որ «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի վերջին խաղում (4:1) Ռաֆինյան հեթ-տրիկ ձևակերպեց։ Նա խաղին մասնակցեց թիմի ավագի թևկապով։